Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վարդանյանների շնորհիվ Մասիսն ունեցավ իր եկեղեցին

Վարդանյանների շնորհիվ Մասիսն ունեցավ իր եկեղեցին
06.10.2015 | 00:53

Մասիս քաղաքը եկեղեցի չուներ, և հավատավոր ժողովուրդը երկար ճանապարհ պետք է անցներ եկեղեցի այցելելու համար: Վարդանյանների ընտանիքի բարերարությամբ այսուհետ նրանք իրենց եկեղեցին ունեն, որն իր պարզությամբ հրաշալի կոթող է: Եկեղեցու շրջակայքը ևս բավականին ինքնատիպ ու գեղեցիկ է: Ի դեպ, Հայ առաքելական սուրբ եկեղեցին վաղուց նպատակ է ունեցել այս տարածքում եկեղեցի կառուցելու, որի հիմքերի օրհնությունը կատարվել է դեռևս 1991-ին, սակայն տարբեր պատճառներով եկեղեցու շինարարությունը չի սկսվել: Ի վերջո, այդ պատվաբեր գործը հանձն է առնում բարերար Հրանտ Վարդանյանը, շինարարությունն ավարտին են հասցնում նրա որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:
Եկեղեցու ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որպես առանձնահատկություն, նշում է, որ մինչ այս հայ եկեղեցաշինության մեջ այսպիսի լուծումներ չեն եղել: «Կառույցը ձևավորվել է երկու խաչվող քառակուսիների միջև, որոնք խորհրդանշում են աստվածային և հավերժական էությունը: Խաչվող քառակուսիների տեղում ներսից ութ սյուն է կառուցվել: Փորձել ենք ամբողջությամբ պահել հայկական ոճավորումը: Մեր եկեղեցիները շատ յուրահատուկ են, բայց և ունեն ընդհանրություն, որի շնորհիվ էլ մենք մեզ հանգիստ ենք զգում այդ միջավայրում»,- ասաց ճարտարապետը` հավելելով, որ Հրանտ Վարդանյանն ամեն օր հետևել է եկեղեցու կառուցման աշխատանքներին, այնուհետև նրա որդիները ոչինչ չեն խնայել, որ եկեղեցին այսպիսի տեսք ունենա:
Ս. Թադևոսի եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ձեռամբ: Ներկա էին նաև հանրապետության ղեկավարը` տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, փոխնախագահը, քաղաքական այրեր, հոգևորականներ, մտավորականներ: «Ս. Թադևոս եկեղեցին Աստծո նոր տունն է, օրհնություն է, աղոթելու, պսակվելու, մկրտվելու, մեղքերը քավելու տեղ: Մեր հավատքը վերանորոգելու վայր: Սա է, որ մեզ զորացնում է»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մեր դիտարկմանն էլ, թե ժամանակը չէ՞, որ կիսավեր եկեղեցիները ևս վերանորոգվեն, նշեց. «Պետք է բոլոր ուղղություններով մտածել: Բարերարը ինչ կամենում է անել, չպետք է խանգարել, եթե ուզում է կառուցել, պետք է կառուցի, եթե նորոգել, նորոգի: Ամեն մեկն անի այն ամենը, ինչն իր սրտով է»:
Իսկ նոր եկեղեցու հովվապետը` տեր Արարատը, շատ սպասված հոգևոր կառույց համարեց Ս. Թադևոս եկեղեցին: «Եկեղեցին Աստծո տունն է: Մասիսի բնակիչներն իրենց բնակավայրին մոտ աղոթատեղի ունենալուն շատ երկար են սպասել»,- ընդգծեց հոգևոր հովիվը:
Եկեղեցու օծմանը ներկա էր նաև Վարդան Բոստանջյանը, որը մեր հարցին, թե երբ աղանդները «խեղդում» են երկիրը Աստծո նոր տուն կառուցելը յուրահատուկ պայքարի ձև չէ՞, ուշագրավ օրինակով պատասխանեց. «Հայ իրականության մեջ Գրիգոր Նարեկացու «ինստիտուտը» շատ հետաքրքիր է: Թվում է, մեր ճանաչածներից ամենասուրբն է եղել, բայց մի հաստափոր գիրք գրելով մեղանչել է: Ինքը մեղք չգործելով, բոլոր դեպքերում մարդու ներկայությունը երկրի վրա արդեն մեղք է համարում»: Քաղաքական գործիչը վստահ է, որ հոգևոր կրթվածության համար շատ կարևոր է նման եկեղեցիների կառուցումը, որը կատարելության, վեհանալու ճանապարհ է հարթում: «Հայ ժողովրդի համար իրենք լավ ընտանիք են: Սեփական աշխատանքով օգնելով մարդկանց, աշխատատեղեր, բարիքներ ստեղծելով՝ հանրօգուտ գործեր են անում: Այս եկեղեցու կառուցումն էլ հատուկ ողջույնի է արժանի: Այն իր հետ բերում է մաքրություն, դրական հույզեր»,- ասաց Բոստանջյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս շնորհակալություն հայտնեց Վարդանյանների ընտանիքին, փաստեց, որ այս եկեղեցում «ամփոփված» են ձևը և բովանդակությունը: «Ամեն ինչ խիստ ճաշակով է, հայկական ճարտարապետության սկզբունքներին համապատասխան: Աստված թող օրհնի: Մեր քաղաքացիներն այստեղ թող մշտապես գան աղոթքի, վերադառնան ավելի բժշկված և հոգևոր կրթված»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նորակառույց եկեղեցու բացմանը եկել էր նաև գեներալական «զույգը»` Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, ովքեր «ներսուդուրսը» մի լավ տնտղելուց հետո լրագրողներին պատմեցին, թե Վարդանյան եղբայրները շատ հարցերում են իրենց օգնությունն ու նպաստը բերում: «Հալալ-զուլալ գերդաստան են: Մեզ էլ` երկրապահին, սահմանամերձ գյուղերին շատ են օգնում: Ես, որպես հայ, հպարտ եմ, որ Հրանտ Վարդանյանի նման կայացած, պետականամետ գործարար ենք ունեցել, որի գործը շարունակում են որդիները»,- փաստեց Մանվել Գրիգորյանը:
Եկեղեցու բացմանը անհամբեր սպասում էին դրա շրջակայքում հավաքված բազմաթիվ մասիսցիներ: Նրանց տպավորությունները ևս փորձեցինք պարզել: «Շատ շնորհակալ ենք Կարեն և Միքայել Վարդանյաններին: Հազար տարի Մասիսում այսպիսի բան չէր եղել: Գոհ ենք, Աստված նրանց օրհնի, երկուսին էլ պինդ ձեռքով պահի»,- իր տպավորությունների մասին հայտնեց տիկին Անահիտը: Տիկին Ալլան էլ ասաց, որ երկար ճանապարհ էին անցնում եկեղեցի այցելելու համար, հիմա շատ ուրախ են, որ Մասիսը սեփական եկեղեցի ունեցավ: «Մենք աշխատում ենք, ժամանակ չունեինք այդքան ճանապարհ անցնելու: Հիմա հոյակապ եկեղեցի է կառուցվել»,- նշեց տիկինը: Բոլորը միաբերան նույնն էին պնդում և երախտագիտություն հայտնում բարերարներին:
Ի դեպ, կաթողիկոսը բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյաններին պարգևատրել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ